ՀՀ Վճռաբեկ դատարանը՝ քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ այսօր արդարացրել է մարտի 1-ի գործով մեղադրվող Արմեն Սարգսյանին:

Հիշեցնենք, որ որ Երեւանի քրեական դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ՀՀ Քր.օ.-ի 225 հոդվածի 2-րդ մասով՝ (Զանգվածային անկարգություններ) եւ դատապարտել էր 4 տարի ազատազրկման, իսկ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ էր թողել դատավճիռը:

Շուրջ մեկուկես տարի «Սեւան» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող Արմեն Սարգսյանը, սակայն, դատական նիստին չի մասնակցել:

Նշենք նաեւ, որ ԱԺ համաներման որոշումն այդ հոդվածի վրա տարածվում է, բայց Սարգսյանին 2006թ. դատապարտել էին մեկ այլ հոդվածով, եւ համաներումը չէր կիրառվել նրա նկատմամբ: Սարգսյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ գոհ է դատարանի վճռից, քանի որ «իր բարձրացրած բոլորին հարցերին պատասխան է տրվել»: Պաշտպանը նաեւ հայտնեց, որ թեեւ վճիռը կայացվել է առավոտյան ժամը 11-ին, սակայն դեռ ժամը 18-ի դրությամբ «Սեւան» ՔԿՀ-ի ղեկավարությունը ազատ չէր արձակել Սարգսյանին՝ դա պատճառաբանելով թղթաբանական խնդիրներով: