Սամարայում նախօրեին՝ հունվարի 19-ին կայացել է 19-ամյա  Արմեն Սահակյանի հուղարկավորության արարողությունը: Տղային սպանել էին հունվարի 15-ին, եւ նրա հարազատներն ու մտերիմները կասկած չունեն, որ սպանության պատճառը նրա ազգությունն է:

«Արմենի մահը ողբերգություն է ոչ միայն նրա ընտանիքի համար: Դա դանակի հարված է Սամարայի ողջ հայ համայնքի մեջքին: Տղայի ընկերներն ու հարազատները չեն կարողանում հասկանալ, թե ինչում էր մեղավոր Արմենը: Նա ոչ թշնամիներ ուներ, ոչ էլ՝ պարտքեր, պարկեշտ ընտանիքից էր: Հայրն, ի դեպ, ոստիկանության պաշտոնաթող սպա է: Ինքը՝ Արմենը գերազանցիկ էր: Ո՞ւմ էր նա վնաս տվել»,- գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

«Ես վստահ եմ, որ իմ որդուն սպանել են պարզապես նրա համար, որ հայ է»,- ասում է Անդրանիկ Սահակյանը. «Արմենի վրա հարձակվել են Եգոր Սվիրիդովի («Սպարտակի» երկրպագու, ում սպանել էին կովկասցիները.- խմբ.) հիշատակի օրը: Դուք կապ չե՞ք տեսնում: Այժմ ես մեղադրում եմ ինձ, որ չեմ հասցրել զգուշացնել Արմենինոր որ փողոց դուրս չգա»,- ասում է Արմենի հայրը:

Ըստ թերթի, սա Սահակյան ընտանիքի երկրորդ ողբերգությունն է. մի քանի տարի առաջ անհայտ անձինք սպանել էին Արմենի պապիկին հենց տան մոտ: Հանցագործներին այդպես էլ չէին գտել: Հարազատները կարծում են, որ սպանությունը տեղի էր ունեցել ազգային հողի վրա: Իսկ այժմ Անդրանիկ Սահակյանը թաղում է իր որդուն:

Հիշեցնենք, որ Սամարայի ոստիկանությունը հայտարարել է, որ սպանության ազգային պատճառներով կատարված լինելու վարկածը չի հաստատվել, ինչը շատերը համարում են հանցագործների մեղքը մեղմացնելուն ուղղված քայլ:

Արմենի թաղմանը հսկա բազմություն էր հավաքվել: Ներկա էին 19-ամյա տղայի հարազատները, ընկերներն ու համակուրսեցիները:

«Մենք կարծում ենք, որ ընկերությունը ազգություն չունի: Մեր կուսրում ուսանողների կեսը հայեր են, կեսը՝ ռուսներ: Ապրում ենք խաղաղ, առանց կոնֆլիկտների: Մենք չենք հավատում, որ  Արմենին սպանել են կենցաղային հողի վրա: Նա համեստ էր եւ ոչ կոնֆլիկտային: Նա մահացավ, որովհետեւ նա ռուս չէր»,- ասել են Արմենի համակուրսեցիներն ու հավելել. «Չի կարելի ատել ու սպանել մարդկանց, որովհետեւ նրանք այլ ազգություն ունեն»:

«Արմենի մահը հիմա քննարկում է Սամարայի ողջ հայությունը: Ասում են նաեւ, որ տղամարդիկ հավաքվել են ազգային խորհրդի, որպեսզի որոշեն, թե ինչպես վարվեն մարդասպանների հետ: Դեռեւս նրա հարազատները հույս ունեն, որ ոստիկանությունը կգտնի հանցագործներին»,- գրում է թերթը: