Երեկ՝ հունվարի 19-ին, ժամը 22։00-22։30-ի սահմաններում  Նոր Նորք վարչական շրջանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ինքնասպանություն է տեղի ունեցել։

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հիվանդանոցի երրորդ հարկի հիվանդասենյակի պատուհանից ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել Երեւանի Էրեբունի փողոցի 22 շենքի բնակիչ 38-ամյա Արթուր Ռազմիկի Ֆիդանյանը եւ տեղում մահացել։

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։

Նշված բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ավելի վաղ Գագիկ Շամշյանը NEWS.am-ը հայտնել էր, որ Արթուր Ֆիդանյանը հունվարի 16-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի  25-րդ կմ-ի հատվածում, Range-Rover մակնիշի 50 LU 501 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը՝ մոտ 100-150 մետր:

Վթարի հետեւանքով ուղեւոր Արման Ռուբիկի Վարդանյանը (Պուշկինի փողոցի բնակիչ) տեղում մահացել էր, իսկ Արթուր Ֆիդանյանը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: