Քիչ առաջ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հենրիկ Դարբինյանը բավարարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի քննիչի միջնորդությունը եւ 2-ամսյա կալանքի սանկցիա է տվել ձերբակալված երեք դրամանենգների նկատմամբ:
Նրանք են Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վարդան Ռադիկի Բաղդասարյանը, Երեւանի Լենինգրադյան-16, 31 բնակարանի բնակիչ 45-ամյա Վարուժան Ասլանյանն ու Ռուբինյան 2/3 շենքի 57 բնակարանի բնակիչ, 28-ամյա Էդգար Ռուբենի Մելքոնյանը:
Այդ մասին NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեք երիտասարդներին ձերբակալել էին հունվարի 16-ին: Արենի գյուղի բնակիչ 36-ամյա Հայկանդուխտ Արտաշեսի Խաչատրյանը, ով աշխատում է «Արփա-1» ՍՊԸ-ում որպես վաճառողուհի, ոստիկանության Եղեգնաձորի բաժանմունքում հայտնել էր, որ գիշերը «Ինֆինիթի» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայի վարորդն ու 2 ուղեւորներ իր մոտից գնումներ են կատարել եւ իրեն վճարել 10,000 դրամանոց կեղծ թղթադրամ:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Վայոց ձորի մարզային վարչության եւ Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները նույն օրը նշված ավտոմեքենան հայտնաբերել էին Արփի գյուղից դուրս գալիս:
Մեքենայից հայտնաբերել էին 180 հազար դրամի կեղծ 5000 դրամանոցներ, 22 հատ կեղծ 1000 դրամանոցներ, 2 հատ կեղծ 10000 դրամանոցներ: Այդ գումարները «սաղացնելու» նպատակով նրանք շրջել են գյուղերում եւ ուտելիք, բեզնին եւ այլ ապրանքներ գնել:
Բենզալցակայանի աշխատակիցները Գագիկ Շամշյանին հայտնել էին, որ երբ ոստիկանությունը նախօրեին բերման է ենթարկել երիտասարդներին, նրանք բորբոքվել են եւ խոստացել բողոքել մարդու իրավունքների պաշտպանին:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի Եղեգնաձորի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 202 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Հիշեցնենք, որ «Ինֆինիթի» մեքենայի վրա եղել է ժամանակավոր համարանիշ՝ 3640-10:





























