Թերթի հետ զրույցում իր ղեկավարած կառույցի աշխատանքներն է ամփոփել Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը:
Սովորաբար ընդունված է նոր տարին սկսել նախորդի ամփոփումով: Ինչպե՞ս եք գնահատում Հատուկ քննչական ծառայության 2010 թվականին կատարած աշխատանքները:
2010թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության կատարած աշխատանքներն ընդհանուր առմամբ գնահատում եմ դրական. այդ են վկայում նաեւ վիճակագրական, համեմատական տվյալները: Տեսեք, 2010թ. ընթացքում ծառայության քննիչների վարույթում քննվել է 214 քրեական գործ` 2009 թվականի 198 քրեական գործի դիմաց, դատարան է ուղարկվել 89 քրեական գործ` 165 անձի նկատմամբ, 2009 թվականի 71 քրեական գործ` 125 անձի դիմաց, այսինքն` 28 գործով եւ 40 անձով ավելի: Դրան հակառակ՝ կարճված քրեական գործերի քանակը նվազել է 10-ով (2009 թվականի 35-ի դիմաց` 25-ը):
Մեզանում շատ է խոսվում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ծավալների մասին: Որքանո՞վ են կոռուպցիոն հանցագործությունների մեջ ներգրավված պետական պաշտոնյաները։
2010թ. ընթացքում Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվել է նմանաբնույթ 63 քրեական գործ: Այդ թվում` 47-ը պետական ծառայության դեմ ուղղված քրեական գործեր են, 12-ը` տնտեսական գործունեության, 3-ը` սեփականության եւ 1-ը արդարադատության դեմ ուղղված քրեական գործեր են:
Վարույթում եղած քրեական գործերն ըստ գերատեսչությունների առնչվել են ոստիկանության գործունեությանը (21), արդարադատության նախարարությանը (13), այդ թվում՝ 8-ը ՔԿՀ-ին, 5-ը` ԴԱՀԿ-ին: Եվս 8-ը` ՊԵԿ-ին, 6-ը` ԱԻՆ, 3-ը` ԱԱԾ-ին, մեկական գործ` բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարություններին:
Դատի տված 41 պաշտոնատար անձանցից 22-ը եղել են ոստիկանության աշխատակիցներ, 8-ը` արդարադատության նախարարության աշխատակիցներ, 3-ը` ԱԱԾ-ի ներկայացուցիչներ, երկուական` ՊԵԿ-ի, ԱԻՆ, բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ, մեկական էլ` դատական ոլորտի եւ ՏԻՄ-ի աշխատակիցներ:
Ընդ որում, հիշյալ պաշտոնյաների մեջ եղել են քրեական հետախուզության բաժնի օպերլիազորներ եւ հետաքննիչներ, ՃՈ տեսուչներ, տեղամասային տեսուչներ, քննչական բաժնի, քրեական հետախուզության բաժնի պետեր, ԱԱԾ բաժնի պետի տեղակալ, քննիչ, օպերլիազոր, ՔԿՀ տեղամասի պետ, ԴԱՀԿ հարկադիր կատարողներ, ԱԻՆ սեյսմիկ պահպանության ծառայության գործակալության պետ եւ հրշեջ ջոկատի հրամանատար, ՊԵԿ ավտոմեքենաների մաքսային ձեւակերպման բաժնի տեսուչ եւ տարածքային հարկային տեսուչ, բնապահպանության տեսչության պետ եւ պետի տեղակալ եւ այլն:





























