Կադրային վերջին փոփոխություներն իրականում քաղաքական բնույթ չեն կրում եւ տեղավորվում են բացառապես PR տեխնոլոգիաների շրջանակներում։ Հունվարի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Սրանից առաջ եւս նախարարների փոփոխություներ եղել էին, սակայն նման աղմուկ չէր բարձրացել։ Այս անգամ իրականացված կադրային փոփոխությունների արդյունքում իրականում գումարելիների փոփոխություն կատարվեց, ոչ ավելին. ֆինանսների նախարարը գնաց էկոնոմիկայի նախարարություն, էկոնոմիկայի նախարարը գնաց Կենտրոնական բանկ, Կենտրոնական բանկի փոխնախագահը դարձավ ֆինանսների նախարար, այսինքն՝ կեղծ փոփոխություններ եղան»,- նկատեց  Բադալյանը։

Անդրադառնալով Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկության թեմային՝ փորձագետը նկատեց, որ նրա փոփոխության հարցը սեւ PR-ի գերազանց դրսեւորում էր։ «Իրականում ոչ ոք ոչինչ չհասկացավ։ Շատ արագ լուրեր տարածվեցին, որ Բեգլարյանը ծեծել է նախագահի արարողակարգի բաժնի աշխատակիցներից մեկին, հետո պարզվեց, որ չի ծեծել եւ այլն։ Ուղղակի շրջանառության մեջ դրվեց մի տեղեկություն, որը, միգուցե, իրականությանը չի համապատասխանում, սակայն շատ ճշմարտանման է։ Պարզապես մարդիկ հավատացին այս պատմությանը»,- ընդգծեց Բադալյանը:

Նշենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2010 թվականի դեկտեմբերին՝ աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի՝ Երեւանում  կայացած մենահամերգից հետո ծավալված հայտնի իրադարձություններից հետո։