Հայաստանի եւ Վրաստանի միջեւ մեծ թվով հարցեր են կուտակվել, որոնք կարիք ունեն երկու երկրների նախագահների քննարկման, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վրացի փորձագետ Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի՝ Հայաաստան կատարելիք այցին։

Նրա խոսքով, առաջին հերթին կքննարկվեն երկու երկրների քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր։ «Երկու նախագահների ուշադրության կենտրոնում, ամենայն հավանականությամբ, տարբեր խնդիրների լուծմանը սատարող հարցեր կլինեն, քանի որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանը, միմյանց փոխգործակցության կարիքն ունեն»,- նշեց փորձագետը։

Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, կքննարկվի նաեւ Ռուսաստան-Հայաստան գազատարի վրացական հատվածի վաճառքի հարցը։ «Հայկական լրատվամիջոցների հրապարակումներից կարելի է եզրակացնել, որ Հայաստանը վախենում է գազատարի ակցիաների՝ Ադրբեջանի կողմից ձեռք բերելուց, սակայն նման հեռանկարն ուղղակի անիրատեսական է, քանի որ համաձայն Վրաստանում գործող օրենսդրության՝ նա կարող էվաճառել գազատարի ակցիաների միայն 25 տոկոսը»,- բացատրեց փորձագետը։ Նա նաեւ ընդգծեց, որ Սահակաշվիլին կարող է հավասարակշռող գործոն դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։

«Կան նաեւ արդիական այլ հարցեր՝ Վրաստանում հայկական եկեղեցու կարգավիճակ, վրացական կողմի բողոքները՝ կապված որոշ բրենդերի՝ «խաչապուրիի», «սապերավիի» հետ, սակայն մենք, որպես հարեւաններ, պետք է շփման եզրեր գտնենք, քանի որ ապրում ենք բավական բարդ տարածաշրջանում, որտեղ հավակնություններ ունի Ռուսաստանը»,- նկատեց փորձագետը։

Ինչպես նկատեց Ցինցաձեն, Հայաստան կատարելիք այցի ժամանակ Միխայիլ Սահակաշվիլին կփորձի գալ այնպիսի լուծումների, որոնք հաշվի կառնեն երկու երկրների շահերը։ Հենց այս նպատակով է Վրաստանի նախագահը հյուր գալիս Հայաստան, իսկ մենք հայ ժողովրդի հյուրընկալության վրա չենք կասկածում»,- ասաց փորձագետը։

Նշենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի հւնվարի 22-ին։ Երկու երկրների ղեկավարների հանդիպման պաշտոնական օրակարգը դeռեւս չի հաղորդվում։