Մարտի 1-ի 10 զոհերի սպանության հանգամանքերը չեն բացահայտվել, ինչը լուրջ ձախողում է եւ դա համարժեք է անպատժելիության: Այսօր՝ հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը, հավելելով, որ իր ունեցած բոլոր մտահոգություններն արտացոլվելու են զեկույցում, որը պատրաստելու է Ստրասբուրգ վերադառնալուց հետո:

«Ես նախկինում մի քանի անգամ եղել եմ Հայաստանում՝ մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ:  Նպատակս էր՝ պարզել, թե ինչ է տեղի ունեցել մարտյան իրադարձություններից հետո: Այցիս նպատակներին ավելացավ նաեւ հայկական բանակում մարդու իրավունքների վիճակին վերաբերող հարցը, մասնավորապես այն, թե որքանով են սպայական կազմի կողմից թույլ տրվող անօրինական գործողությունները կապված պատերազմական իրավիճակի հետ: Նպատակս էր նաեւ լրատվամիջոցների ազատության եւ դրանցում բազմակարծության ապահովման վիճակի մասին տեղեկանալը»,- նշեց Համարբերգը, հավելելով, որ հայաստանյան այցելության ընթացքում հանդիպումներ է ունեցել ՀՀ ոստիկանապետի, արդարադատության նախարարի, զինդատախազի եւ գլխավոր դատախազի հետ:

«ԱԺ-ում հանդիպել եմ կոալիցիայի եւ ընդդիմության հետ, ինչպես նաեւ արտախորհրդարանական ընդդիմության եւ դրա ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ինչպես նաեւ մարդու իրավունքների հարցերով զբաղվող ՀԿ-ների հետ:  Հեռուստաարտոնագրերի տրամադրման հետ կապված հանդիպել  եմ «Ա1+»-ի եւ «Գալայի» ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղբանտարկյալների եւ մարտի 1-ի զոհերի հարազատների հետ, եղել եմ ՔԿՀ-ներում եւ հանդիպել քաղաքական հայացքների համար կալանավորվածներին»,- ընդգծեց եվրահանձնակատարը:

«Կարծում եմ, որ պետք է լուծել մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքերի բացահայտմսն եւ բանտարկյալների հարցը: Ինչ վերաբերում է բանակում տեղի ունեցող միջադեպերին, ապա պարզ է, թե ինչ պետք է արվի. պետք է  բարեփոխումներ անցկացվեն, բարձրացվի անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, պետք է ստեղծվի բողոքարկման համակարգ, որը կբացառի բռնությունների կրկնությունը: Թե զինդատախազը, թե Պնախարարը դրական են արձագանքել իմ առաջարկներին»,- ասաց Համարբերգն ու հավելեց. «Մենք ողջունել ենք համաներման անցկացումը, սակայն բանտերում դեռեւս մնում են որոշ մարդիկ, ովքեր կապված են եղել մարտյան իրադարձությունների հետ: Այդ գործերը ես քննարկել եմ իշխանությունների հետ եւ կոչ եմ արել, միջնորդել ազատ արձակել նրանց»:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը նաեւ ասել է, որ մտահոգություն ունի մարտյան իրադարձություններում ոստիկանների ոչ արհեստավարժ գործունեության հետ կապված: «Այդ հարցը քննարկել եմ ոստիկանապետի հետ, ով ներկայացրել է ծրագիր՝ ոստիկանության արհեստավարժության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ: Իսկ արդարադատության նախարարի հետ քննարկել եմ միջոցառումների ցանկը՝ մարտյան իրադարձությունների կրկնությունը բացառելու համար»,- իր խոսքն ամփոփեց նա: