ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը խուսափել է գնահատական տալ Հայաստանում մարդու իրավունքների գրասենյակի եւ նրա ղեկավար Արմեն Հարությունյանի աշխատանքին:

«Ես գնահատականներ չեմ տալիս մարդկանց: Կարեւոր է, որ կա  նման գրասենյակ, կարեւոր է, որ այն ուժեղ լինի: Լսել եմ, որ այն ամրապնդման փուլում է եւ ես միշտ այս ընթացքում կապի մեջ եմ եղել նրա հետ»,- այսօր՝ հունվարի 21-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Թոմաս Համարբերգն ու հավելել. «ՀՀ օմբուդսմենի նկատմամբ ճնշումներ են եղել, այժմ էլ գնում է այլ աշխատանքի: Մաղթում եմ հաջողություն նրան մյուս աշխատանքում»:

Եվրահանձնակատարն անդրադարձել է նաեւ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ իր հանդիպմանը, նշելով, որ մտահոգված է նրա առողջությամբ: «Սասուն Միքայելյանին հանդիպել եմ, մտահոգված եմ, որ նա սրտի խնդիրներ ունի: Կուզենայի, որ նա ազատ արձակվի»,- արձագանքել է նա:

Հարցին, թե Ձեզ չի՞ հիասթափեցնում այն փաստը, որ Հայաստանի իշխանութունները քաղաքական հայացքների համար դատապարտվածներին ազատ արձակելու խոստում չեն տվել, նա կարճ արձագանքել է. «Այդ հարցը ուղղեք պատասպանատուներին»: