Պարբերականը ներկայացնում է անցած պաշտոնանկությունների արդյունքները։ 2010 թվականին կաբինետի 18 անդամներից 8-ը լքել են իրենց պաշտոնները։

Անցած տարվա պաշտոնանկություններն սկսեցին հունվարից. ինքնակամ, շատերի համար անսպասելիորեն հեռացավ երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար Արմեն  Գրիգորյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվոտայով:

Հաջորդ պաշտոնանկությունները երկար սպասեցնել չտվեցին. մարտին պաշտոնից հեռացան միանգամից երկու նախարարներ՝ «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ, Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը եւ Կապի ու տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը։ Պաշտոնանկությունների պաշտոնական վարկած չհնչեց՝ չնայած ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Շահգելդյանը մասնակից  է եղել ինչ-որ գործարքի։

Հուլիսին պաշտոնաթող եղավ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը՝ եւս առանց բացատրությունների։ ԲՀԿ առաջնորդն այս անգամ ոչ թե անձամբ, այլ իր մամուլի քարտուղարի միջոցով հայտարարեց, որ պատճառների մասին  կպատմի ինքը՝ Մնացականյանը։

Ներսես Երիցյանի եւ Տիգրան Դավթյանի պաշտոնաթողությունները եւ դրանց հետեւած նշանակումները վարչապետ Տիգրան Սարգսյանը որակեց իբրեւ «կառավարության պոտենցիալաի ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով արված կադրային փոփոխություններ»։ Միեւնույն կերպ կաբինետի ղեկավարը բնորոշեց  նաեւ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունը:

Ինչ վերաբերում է գյուղնախարարին, ապա վարչապետը մեկ անգամ չէ, որ դժգոհություն էր արտահայտել այդ առումով։