Գործարար Օլեգ Դերիպասկան (Ըստ Forbes-ի 6.7 մլրդ դոլար ունեցվածքով Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում զբաղեցնում է 19-րդ տեղը) Terra Services բրիտանական ընկերությունը գրանցել է 1938-ին ծնված Վալենտինա Պետրովնա Դերիպասկայի եւ 1975-ին ծնված Պավել Եզուբովի անունով, հաղորդում է ՌԲԿ-ն:

Այս մարդկանց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթվերը համընկնում են գործարարի մոր եւ զարմիկի տվյալների հետ:

Terra Services-ը կապված է այն ընկերությունների հետ, որոնք Ֆրանսիայում անշարժ գույք ունեն: Ըստ հաշվետվությունների, անշարժ գույքի կառավարման երեք ընկերությունները՝Windberg Saint Tropez, Le Cordillera եւ 33 rue de l'Université պատկանել են Դերիպասկային եւ Terra Services-ի հետ կապ ունեցող կողմեր են հանդիսացել:

Թե անշարժ գույքի ինչ կոնկրետ օբյեկտներ են պատկանում այս ընկերություններին, ռեեստրում չի նշվում: Բայց դրանք տեղակայված են Փարիզի երկու բնակելի շենքերում եւ Սան Տրոպեի վիլլաներից մեկում:

Ըստ ֆրանսիական անշարժ գույքի բազայի տվյալների մայիսի 30-ի դրությամբ այդ անշարժ գույքերը պատկանում են Վալենտինա Դերիպասկային եւ Եզուբովին: