Բուլղարացի Պենկա անունով հղի կովին ցանկանում են քնեցնել՝ Սերբիայի հետ սահմանն անօրինական կերպով հատելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Independent-ը:

Մայիսի կեսերին կովը փախել էր տիրոջից՝ բուլղարացի ֆերմեր Իվան Խարլամպիեւից, եւ, անցնելով 20 կմ, հատել էր Սերբիայի հետ սահմանը: Երկու շաբաթ անց սերբ ֆերմերը վերադարձրել էր նրան տիրոջը: Սակայն այժմ կովին քնեցում է սպառնում, քանի որ Սերբիան ԵՄ-ի մաս չէ եւ, ըստ կանոնների, չի կարելի լքել Եվրամիությունը՝ շրջանցելով մաքսակետերը: Բացի այդ, կենդանին պետք է ԵՄ չափանիշներով անասնաբուժական վկայական ունենա առողջական վիճակի մասին:

Պենկայի տերը զարմացած է, որ կենդանին հատել է սահմանն աննկատ կերպով, եւ նշում է, որ  կովը կարանտինային վկայական ունի սերբ անասնաբույժներից, որը հաստատում է, որ կենդանին առողջ Է:

Կովի տերը հույս ունի փրկել նրա կյանքը՝ գրավելով հասարակության ուշադրությունը: Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել՝  ԵՄ իշխանություններին ուղղված համապատասխան միջնորդությամբ: Ներկա պահին քվեարկել է ավելի քան 4500 կարեկցող: