Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության լիդեր Վլադիմիր Ժիրնովսկիի շուրջ նոր սկանդալ է հասունանում։ Խոսքը նրա այն հայտարարությունների մասին է, որոնք նա հնչեցրելէ հունվարի 20-ին «Մենամարտ» հեռուստատեսային հաղորդման ժամանակ: Այդ օրվա թողարկումը նվիրված էր Ռուսաստանում առկա նացիոնալիզմին եւ նացիոնալ քաղաքականությանը։

ՌԼԴԿ-ի չեչենական ռեգիոնալ բաժնի ղեկավարներն արդեն հայտարարել են այն մասին, որ լքում են կուսակցությունը, քանի որ ամաչում են իրենց լիդերի հայտարարություններից։  Կուսակցության չեչենական կառույցի ղեկավար Ռազման Կադիրովը Ժիրինովսկու հայտարարությունները  որակել է որպես շովինիստական, ինչպես նաեւ ազգամիջյան եւ ժողովուրդների միջեւ բախումների դրդող։ 

Կադիրովն առաջարկել է լիբերա-դեմոկրատներին մտածել ղեկավարության փոփոխության մասին, իսկ Դաղստանի նախագահին կից գործող ավագանին արդեն դիմել է Պետդումայի խոսնակին, որպեսզի Ժիրինովսկիի հայտարարություններին իրավական գնահատական տրվի։  «Պնդումներն այն մասին, որ կովկասցիները չեն կարողանում եւ չեն ուզում աշխատել, չեն սովորում, «ամեն ինչ գրավել են»...մտացածին են»,-մասնավորապես ասվում է Դաղստանի ղեկավարության կողմից տարածված հայտարարության մեջ։  

Ինքը՝ Ժիրինովսկին հերքում է իր իսկ կողմից արված հայտարարությունները. «Մենք չենք հրահրում ազգամիջյան պառակտումներ։ Թող նրանք եւս մեկ անգամ ուշադիր դիտեն հաղորդումն ու կտեսեն, որ ոչ մի պառակտման մասին էլ խոսք գնալ չի կարող»,-հայտարարել է Ժիրինովսկին։

Նկատենք, որ այդ հաղորդման ժամանակ Ժիրինովսկին «անցել է» նաեւ հայերի վրայով, նրանց անվանելով «խաչիկներ», որոնց պետք է թույլ չտալ գալ Մոսկվա: