Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում այսօր` հունվարի 23-ին ընթանում են քաղաքապետի ընտրություններ: Թեկնածուները երկուսն են` գործող քաղաքապետ, անկուսակցական Հակոբ Շահգալդյանը (լուսանկարում) եւ անկուսակցական Մուշեղ Նիկողոսյանը: Հակոբ Շահգալդյանը Կոտայքի մարզպետ, հանրապետական Կովալենկո Շահգալդյանի որդին է, իսկ Նիկողոսյանը նախկինում եղել է ՀՅԴաշնակցության անդամ, սակայն մի քանի տարի առաջ նրան հեռացրել են կուսակցությունից:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18-ի դրությամբ, ընտրություններին մասնակցել են մոտ 7 հազար ընտրողներ գրանցված մոտ 20 հազարից:

Թեկնածու Մուշեղ Նիկողոսյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել է, թե քաղաքում վախի մթնոլորտ է տիրում, իսկ գործող քաղաքապետը ահաբեկում եւ վարչական լծակներ է օգտագործում, մինչդեռ հենց նրա վստահված անձինք տեղամասերում հերքել են Նիկողոսյանին` նկատելով, որ որեւէ խախտում կամ ճնշում չեն նկատել:

Ի դեպ, ֆոտոլրագրողը Չարենցավանի եկեղեցու հարեւանությամբ, «Արամյանի օբյեկտում» նկատել է ԱԺ պատգամավորներ Արթուր Աղաբեկյանի, Վարդան Այվազյանի եւ Ռոբերտ Թովմասյանի մեքենաները: Վերջիններս, ըստ չարենցավանցիների, եկել էին` աջակցելու Մուշեղ Նիկողոսյանին, եւ աշխատանքները կոորդինացնում էին վերոնշյալ ռեստորանից: