«Սասնա ծռեր»–ի գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը: Նա որպես հիմքեր ներկայացրեց այն, որ Տիգրան Սարգսյանն առողջական խնդիրներ ունի, երկրորդ կարգի հաշմանդամ է, ընտանիքում միակ աշխատողն է: Պաշտպան Արայիկ Պապիկյանը նույնպես միացավ միջնորդությանը նշելով, որ դատարանից խնդրում է գրավ չկիրառել, քանի որ Տիգրան Սարգսյանը հնարավորություն չունի վճարելու, խնդրեց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Դատախազ Արթուր Չախոյանն էլ հայտարարեց, որ չի առարկում միջնորդությանը, սակայն գտնում է, որ պետք է գրավ կիրառվի: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:




























