ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իրավական տեսակետից պետք է ներկայացնի Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին տեղեկանքը, ինչպես ժամանակին պահանջում էր Նիկոլ Փաշինյանը, սակայն քաղաքական տեսանկյունից այդ հարցն այսօր կորցրել է ակտուալությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Դիտարկմանը, թե ներկայումս կառավարության ներկայացուցիչներն անընդհատ հայտարարում են որ այսուհետ Հայաստանում ամեն ինչ ընթանալու է թափանցիկ եւ օրենքի սահմաններում ու այդ պարագայում արդյոք պարտադիր չէ, որ Արմեն Սարգսյանը վերջապես հասարակությանը ներկայացնի, թե արդյոք ունի կամ չունի այդ տեղեկանքը թե ոչ, որ այդ հարցը վերջապես փակվի, Արմեն Բադալյանն արձագանքեց. «Իրավական տեսակետից ճիշտ եք, բայց կա հարցի քաղաքական կողմը, որը բնորոշ չէ միայն Հայաստանին։ Մասնավորապես, եթե նկատել եք ԱՄՆ-ում նախագահի թեկնածուները ընտրություններից առաջ խոստանում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ ընտրվելուց հետո ցեղասպանության փոխարեն ասում են Մեծ եղեռն։ Այդ նույն երեւույթը Հայաստանում է տեղի ունենում. Ընտրվելուց առաջ հայտարարում են, որ ՀՀ նախագահը պետք է տեղեկանք ներկայացնի, իսկ ընտրվելուց հետո հայտարարում են, որ մենք տեսել ենք այդ փաստաթուղթը։ Սա զուտ քաղաքական երեւույթ է»։
Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ այդ փաստաթուղթը, ըստ էության, չկա, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Կարելի է, կամ այդ փաստաթուղթը չկա, կամ համարժեք չափով իրավական չէ, որպեսզի այն ներկայացվի հանրությանը։ Ուղղակի հիմա արդեն քաղաքական իրավիճակ է փոխվել եւ այդ հարցն այլեւս չի դիտվում ընդդիմություն-իշխանության հակադրության համատեքստում։ Այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին լինելով ընդդիմության ղեկավարներից մեկը, այդ հարցն օգտագործում էր իշխանություններին քննադատելու համար։ Բայց հիմա Փաշինյանն ինքն է իշխանություն, այդ հարցի օգտագործումը որպես քննադատության գործիք, դարձել է անիմաստ։
Հիշեցնենք, որ ժամանակին, երբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նոր էր ընտրվում, այն ժամանակվա ընդդիմադիր դաշտը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը պահանջում էին, որ ներկայացնի տեղեկանք, որ հրաժարվել է 2011-ին Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, ինչպես պահանջում է օրենսդրությունը։ Դրանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ընտրվում վարչապետ, նա անսպասելի կերպով հայտարարեց, որ տեսել է այդ տեղեկանքը, սակայն այն այդպես էլ չներկայացվեց հանրությանը:




























