Վրաստանի կառավարության շենքում օրերս կայացել է Վրաստանի հաշտության եւ քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթեւան Ցխելաշվիլիի հանդիպումը Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:
Վիրահայոց թեմից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը պետնախարար Ցիխելաշվիլին ողջունելով հյուրերին, ընդգծեց, որ ուրախ է իրեն այցելելու համար եւ պատրաստ է լսելու ու քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք անհանգստացնում են Վիրահայոց թեմին:
Տիկին նախարարը առանձնահատուկ նշեց հայ երիտասարդների ակտիվ մասնակցությունը 1+4 կրթական ծրագրին, ինչպես նաեւ ընդգրկվածությունը վերապատրաստման եւ փորձի ձեռք բերման տարբեր ծրագրերին: Պետնախարարը հույս հայտնեց, որ այս երիտասարդները տարածաշրջաններ վերադառնալուց հետո իրենց օգտակարությունը կբերեն տեղի բնակչությանը:
Հանդիպման ընթացքում կայացավ Թեմակալ առաջնորդի կողմից առաջադրված երեք հիմնական հարցերի քննարկումը: Առաջինը Գումբուրդոյի եկեղեցու բակում վերաթաղված ոսկորների վրա հուշաքարի տեղադրման մասին անցած՝ 2017 թվականին ձեռք բերված եռակողմ բանավոր պայմանավորվածության հարցն էր:
Վազգեն Սրբազանը առաջարկեց չուշացնել Պատրիարքարանի, կառավարության եւ Թեմի միջեւ բանավոր պայմանավորվածության համաձայն գրավոր հուշագրի ստորագրումը՝ դյուրացնելու համար հետագա խնդիրների լուծումը:
Երկրորդ հարցով զրույցը վերաբերեց Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին: Վիրահայոց թեմի առաջնորդը առաջարկեց Հաշտության եւ քաղաքացիական հավասարության նախարարությանը՝ ի դեմս պետնախարար Քեթեւան Ցիխելաշվիլիի, գործնական մասնակցություն բերել խնդիրը համերաշխությամբ եւ փոխադարձ ըմբռնումով լուծելու համար:
Որպես երրորդ հարց Թեմակալ առաջնորդը խնդրեց նախարարի միջամտությունը Վրաստանում գործող փաստացի հայկական եկեղեցիները, որոնց ամբողջական փաթեթը ներկայացված է կառավարությանը, իրավաբանորեն Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցին:
Հանդիպման ավարտին նախարար Ցիխելաշվիլին խոստացավ խնդրո այս երեք հարցերը ուսումնասիրել, անդրադառնալ եւ օգնել դրանց լուծմանը:
Պետնախարարը կարեւորեց հայ համայնքի ընդգրկվածությունը վրաց հասարակությանը եւ ընդգծեց, որ պետք է արվի ամեն ինչ, որպեսզի որեւէ մեկը չզգա, որ Վրաստան աշխարհում իր իրավունքները ոտնահարվում են:
Վիրահայոց թեմի առաջնորդն իր գնահատանքն ուղղեց Վրաստանի պետնախարարին վիրահայ համայնքին հուզող հարցերը ունկնդրելու համար եւ հույս հայտնեց, որ բոլորի ջանքերով խնդիրները կստանան համապատասխան լուծում:
Վրաստանի հաշտության եւ քաղաքացիական հավասարության հարցերի պետական նախարար Քեթեւան Ցիխելաշվիլիի հետ հանդիպմանը Վիրահայոց թեմի առաջնորդին ընկերակցում էր Թեմի Իրավական հարցերի եւ համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը:





























