«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան բողոքի ակցիա է անցկացնելու հունվարի 31-ին, ժամը 17:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ՝ կրկին բարձրացնելով 2010-ի սեպտեմբերի 26-ին Մասիս քաղաքում ամուսնու եւ սկեսրոջ կողմից ծեծի ենթարկված 20-ամյա Զարուհի Պետրոսյանի մահվան գործի թափանցիկության ապահովման խնդիրը:

«Այս ակցիայի միջոցով կոալիցիան ցանկանում է դատափետել ընտանեկան բռնություն կոչվող ախտը Հայաստանում եւ կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ նման դեպքերը ՀՀ-ում չմնան անպատիժ», հայտնել են ակցիայի նախաձեռնողները:

Այս ակցիան կազմակերպվում է Լոս Անջելեսում United Human Rights Council նախաձեռնությամբ իրականացվող «Երթ` ուղղված դադարեցնելու Հայաստանում կանանց հանդեպ բռնությունը» ակցիայի հետ համատեղ:

Կոալիցիան կոչ է անում բոլոր քաղաքացիներին, ակտիվիստներին եւ կազմակերպություններին միանալ ակցիային եւ եւս մեկ անգամ բարձրաձայնել, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս հասարակության լայն շերտերը անհանգստացած են նման ահասարսուռ դեպքով եւ ակնկալում են արժանի պատիժ մեղավորների համար»,- ասված է կոալիցիայի տարածած հողորդագրության մեջ:

Կոալիցայի ներկայացուցիչ կազմակերպություններն են Հասարակություն առանց բռնության ՀԿ-ն, Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ-ն, Կանանց աջակցման կենտրոն-ը /Թուֆենկյան հիմնադրամ/, Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ն, Զանգակատուն ԲՀԿ-ն, Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք ՀԿ-ն, Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ-ն, Ընտանեկան բռնության ճգնաժամային կենտրոն-ը եւ ժամանակավոր ապաստարան-ը /ԿԻԿ/ :

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում 2010-ի հոկտեմբերի 1-ին մահացել էր ամուսնու եւ սկեսրոջ կողմից դաժան ծեծի ենթարկված եւ խոշտանգված 20-ամյա  Զարուհի Պետրոսյանը: Պարզվել է, որ նրա մահվան պատճառ է հանդիսացել գանգուղեղային տրավման, իսկ մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ: Հայաստանի զինդատախազության Եղեգնաձորի կայազորի զինդատախազ Տիգրան Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ ըստ նախաքննության ընթացքում ձեռք բերված ցուցմունքների՝ Պետրոսյանը պարբերաբար ծեծի է ենթարկվել ամուսնու՝ Յանիս Սարկիսովի կողմից: Դեպքի օրը՝ սեպտեմբերի 26-ին եւս, ականատեսների վկայությամբ, նա դաժան ծեծի է ենթարկել Պետրոսյանին, որի հետեւանքով  առաջացել են հիշյալ վնասվածքները, որոնցից գանգուղեղային վնասվածքը հանդիսացել է մահվան պատճառ:

Նշենք, որ Յանիս Սարկիսովին առաջնային մեղադրանք է առաջադրվել եւ նա  որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ: Հոդվածը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում):

Մինչդեռ կալանավորված է միայն ամուսինը՝ Յանիս Սարկիսովը, իսկ սկեսուրի դեմ գործ հարուցված չէ: Յանիս Սարկիսովին առաջնային մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որը անզգուշությամբ առաջացրել է մահ: Հոդվածը նախատեսում է 6-10 տարի պատիժ:

Նշենք, որ դեռեւս անհայտ է սպանված երիտասարդ կնոջ մանկահասակ երեխայի ճակատագիրը: Երեխան այժմ իր հորական տատի մոտ է, ով արգելում է երեխայի մորական կողմի հարազատներին տեսակցել նրա հետ: Զ. Պետրոյսանի քույրը՝ Հասմիկ Պետրոսյանը, դիմել է պատկան մարմիներին՝ ստանձնելու երեխայի խնամակալությունը: Դիմումին առայժմ ընթացք չի տրվել: