Հայաստանում սուր շնչառական վարակների եւ թոքաբորբերի առումով համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Առողջապահության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայումս հանրապետության ողջ տարածքում իրականացվում է սուր շնչառական վարակների օրական մոնիտորինգ:
Մոնիտորինգի տվյալներով` սուր շնչառական վարակներով հիվանդացությունը, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գտնվում է միեւնույն մակարդակի վրա:
Կազմակերպված եւ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ներկայումս հանրապետությունում հիմնականում շրջանառում է գրիպի վիրուսի B տեսակը:
2011 թվականին, 2010 թվականի միեւնույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են հանրապետության հիվանդանոցներ հոսպիտալացված թոքաբորբերի դեպքերը: Վերակենդանացման բաժանմունքներ հոսպիտալացվել է թոքաբորբի մեկ դեպք:
Սկսած 2010 թվականի հոկտեմբերից` հանրապետության դպրոցներում եւ նախադպրոցական կազմակերպություններում իրականացվում է ջերմային ռեժիմի մոնիտորինգ:
Պարզաբանվում են բացակայության պատճառները, իսկ հիվանդացության բարձրացման դեպքում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ:
Շարունակելով սուր շնչառական վարակների կանխարգիչ միջոցառումները, ինչպես նաեւ դրանցից խուսափելու համար` ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է.
խուսափե´լ հիվանդների հետ շփումից,
եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,
եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապեւտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
հագնվե´ք եղանակին համապատասխան,
պահպանե´ք հազի եւ/կամ փռշտալու վարվելակարգը,
օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկ,
հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները:





























