Ոստիկանության Գուգարքի բաժնում  հունվարի 24-ին ահազանգ է ստացվել, որ «Կոքս» մականունով անձնավորությունը Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի մի բնակարանում  թմրամիջոց է պատրաստում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանները տանը հայտնաբերել են 42-ամյա Կորյուն Ս.-ին, 31-ամյա Արշակ Գ.-ին եւ 30-ամյա Արամ Հ.-ին:

Զննությամբ հայտնաբերվել է ներարկիչ` պղտոր հեղուկով, «Դիմեդրոլ»-ի 10 դեղահաբ, «Կոֆետին» դեղահաբի 2 տուփ, յոդի 2 տարա եւ թմրամիջոց պատրաստելու այլ պարագաներ:

Կորյուն Ս.-ն հայտնել է, որ հայտնաբերված նյութերից ինքը թմրամիջոց է պատրաստել՝ ներարկելու միջոցով օգտագործելու նպատակով:

Նշանակվել է դատաքիմիական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: