Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Խաչատրյանի կարծիքով՝ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի զեկույցի միակ ճշմարիտ կետն այն է, որ Հայաստանում արդարադատություն չկա: «Նիկոյանն ինքն էլ ֆիքսեց, որ մեզանում արդարադատություն չկա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Խաչատրյանը: «Դրանից ավելի ծանր իրական բնութագիր մեր ժամանակաշրջանին ես չգիտեմ»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է զեկույցի մյուս հատվածներին, Վարդան Խաչատրյանը նկատեց, որ այնտեղ տեղ են գտել բաներ, որ իրականության հետ աղերս անգամ չունեն: Իսկ զեկույցի ամենաբսուրդային հատվածն այն է, որ «արտակարգ դրություն պետք էր ավելի շուտ մտցնել՝ կանխելու զոհերը»: «Կներեք, դա լուրջ չէ: Ամեն արտակարգ դրություն պետք է հիմնավորում ունենա: Այդ դեպքում կարելի է արտակարգ դրույթուն մտցնել, երբ տաս հոգի հավաքվում են»,- ամփոփեց պատգամավորը: