Սեպտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քննարկումների համար հանդիպեց «Մեծ միասնություն» կուսակցության (BBP) եւ Դեմոկրատական կուսակցության (DP) հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Netgazete կայքէջը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն քաղաքական քննարկումների երկրորդ օրը «Մեծ միասնություն» կուսակցության կենտրոնակայանում մնացել է մոտ մեկ ժամ: Դավութօղլուի հետ հանդիպումից հետո այդ կուսակցության ղեկավար Յալչըն Թոփչուն Ադրբեջանին սատարող ելույթով է հանդես եկել: Նա ասել է. «Մենք նախարարին ( Ահմեդ Դավութօղլուին) հիշեցրեցինք Խոջալուի „կոտորածի“ մասին, սակայն քաղաքավարությունից ելնելով նրան ցույց չտվեցինք այդ ժամանակ կոտորված ադրբեջանցի երեխաների լուսանկարները: Դրանք պետք է այդ արձանագրություններում ավելացվեն: Հայաստանը պետք է „գրավյալ“ Ղարաբաղի հողերից դուրս գա», ասել է «Մեծ միասնություն» կուսակցության ղեկավար Յալչըն Թոփչուն: Նա նաեւ քննադատել է Շվեցարիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեական հանցանք համարելը:
Նույն օրը, նախատեսվածի համաձայն, Դավութօղլուն հանդիպել է նաեւ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Հուսամեթին Ջինդորուքի հետ: Ջինդորուքը գոհունակությամբ է ընդունել Դավութօղլու այցը եւ կարծիք հայտնել, որ պետությունը արտաքին քաղաքականության հարցերի շուրջ այսպիսի քննարկումները պետք է շարունակական դարձնի եւ շնորհակալություն է հայտնել Դավութօղլուին նման այցելության համար: Ջինդորուքը ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է քննարկվեն ոչ թե երկկողմ, այլ եռակողմ ֆորմատով, այսինքն դրան պետք է մասնակցի նաեւ Ադրբեջանը, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի համար ավելին է քան եղբայր, բարեկամ, կամ ազգակից երկիր: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի հողերի 20 տոկոսը «զավթված» է եւ այդ պայմաններում այդ երկիրը չի կարող գոհունակություն արտահայտել: «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Ջինդորուքը նշել է նաեւ, որ իրենք կողմ չեն երկար ժամանակ ձգվող թշնամությանը, սակայն պետք է հաշվի առնվի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստեղծված բարեկամությունը: «Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չպետք է շտապեցնի: Այս խնդրի ուղղությամբ կողմերը ավելի շատ քննարկումներ պետք է իրականացնեն, կա անհրաժեշտություն, որ կողմերը իրարից տարբերվող տեսակետները միավորեն: Այս հարցում կա Հայաստանի շտապողականությունը: Սահմանների բացումից օգուտով դուրս եկողը հենց Հայաստանն է: Որպես „Դեմոկրատական“ կուսակցություն, մենք հարգանքով ենք վերաբերվում տարվող աշխատանքներին, սակայն մենք ամբողջությամբ չենք մասնակցում», ասել է «Դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Հուսամեթին Ջինդորուքը:
NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստանի հետ նախաստորագրված արձանագրությունների հետ կապված քննարկումների առաջին օրը` սեպտեմբերի 15-ին հանդիպել է «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության, «Ժողովրդավարական ձախ» կուսակցության եւ «Բարգավաճում» կուսակցության ղեկավարների հետ:




























