Այսուհետ Երեւանի մետրոպոլիտենի անվտանգությունը կապահովեն ոչ միայն հերթապահող ոստիկանները, այլեւ կայարաններում տեղադրված տեսախցիկները, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Նինել Վարդանյանը, հավելելով, որ իրենք չեն սպասում՝ մի բան լինի, որ «նոր արթնանան»։

«Անկախ ամեն ինչից՝ ոստիկանությունը շուրջօրյա ծառայություն է իրականացնում: Կարգուկանոնի պահպանմանը մեծապես օգնում են նաեւ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում տեղակայված տեսախցիկները։ Ընդ որում, տեսախցիկների տեղադրումն իրականացվել է երկու փուլով՝ 2008-ին  եւ 2010-ին»,- տեղեկացրեց Վարդանյանը՝ հավելելով, որ մետրոպոլիտենի յուրաքանչյուր կայարանում տեղադրված է մեկական տեսախցիկ։

Մետրոպոլիտենի ոստիկանության պետ Աշոտ Ղամբարյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ տեսախցիկներ տեղադրված են միայն «Երիտասարդական» եւ «Բարեկամություն» կայարաններում։ «Ինչ վերաբերում է հերթախոխ իրականացնող ոստիկաններին, ապա յուրաքանչյուր կայարանում ծառայություն է իրականացնում 2-3 աշխատակից»,- ամփոփեց նա։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ, 2010 թվականից սկսել է Երեւանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի իրականացումը։ Այդ նպատակով անցած տարվա մարտի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի միջեւ 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային համաձայնագիր էր ստորագրվել։