2011-ին գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է լինելու, եւ կառավարությունը պետք է լրջագույն ջանքեր ներդնի, որպեսզի ապահովի ընթացիկ աշխատանքները եւ գրանցի աճ: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, որը նվիրված է եղել այս տարվա գյուղատնտեսական աշխատանքների, մասնավորապես գարնանացանի կազմակերպման խնդիրներին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են գյուղատնտեսության նախարարը, փոխնախարարները, գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, Հանրային խորհրդի անդամներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Օրակարգային մի շարք հարցերի առնչությամբ զեկուցումներով են հանդես եկել գյուղատնտեսության նախարարի տեղակալները:

Մասնավորապես, գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն անդրադարձել է աշնանացանի պակասը մեղմելու նպատակով գարնանացանի ծավալի ավելացման հնարավորություններին եւ առաջարկվող մեխանիզմներին: Ներկայացվել են կրծողների դեմ պայքարի եւ խորհրդատվական ծառայությունների ակտիվացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները:

Գյուղացիական տնտեսությունների շրջանառու միջոցների համալրման նպատակով վարկավորման արդյունքների վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը: Հարցի առնչությամբ վարչապետ Սարգսյանը հանձնարարել է տեղեկատվություն ներկայացնել ոլորտում արձանագրված զարգացումների մասին։

Մեկ այլ հարցով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է մթերող կազմակերպությունների կողմից մթերված հումքի դիմաց վճարումների ընթացքի մասին եւս:

Գյուղնախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը ներկայացրել է ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգի նախագիծը` իր զեկույցում անդրադառնալով խոշորացման հիմնական ուղղություններին: Նշվել է, որ հայեցակարգի նախագիծն ուղարկվել է բոլոր մարզպետներին: Հանձնարարվել է հայեցակարգի վերաբերյալ բոլոր առաջարկությունները ներկայացնել ՀՀ գյուղնախարարություն:

2011թ. ոռոգման սեզոնի կազմակերպման վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Ամփոփելով քննարկման արդյունքները` կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին: