«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն պարգեւատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալով։ Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցավ հունվարի 26-ին։  Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը մեդալի հանձնման արարողության ժամանակ նշեց, որ պարգեւը Կլիմկոյին շնորհվում է հասարակական ակտիվ գործունեության եւ համամարդկային արժեքներին նվիրվածության համար։

«Ցանկանում եմ նշել «ԱրմենՏել» ընկերության տնօրենի առանձնահատուկ մոտեցումը եւ անձնական ներդրումը Հայաստանում իրականացվող բարեգործական նախագծերի իրականացման գործընթացին: Ձեր ղեկավարած ընկերության գործունեությունը` երկրի հասարակական կյանքում բիզնեսի մասնակցության վառ օրինակ է», - նշեց Բախչինյանը:

«Նանսենի անունը ոսկյա տառերով գրվեց հայ ժողովրդի պատմության էջերում: Այս պարգեւն ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է: Ես ընդունում եմ այն, որպես Հայաստանի զարգացմանը եւ բարեկեցությանն ուղղված իմ ղեկավարած ընկերության ներդրման ճանաչում», - ասաց Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ 2010 թվականին «ԱրմենՏել» ընկերության մասնակցությամբ Հայաստանում իրականացվել է կրթական, մշակութային եւ մարզական ոլորտներին ուղղված ավելի քան 30 խոշոր սոցիալական նախաձեռնություն: