Մաքսային մարմիններում ապրանքը երբեք կիլոգրամով չի մաքսազերծվում։ Այսօր՝ հունվարի 26-ին այս մասին լրագրողներին ասաց Պետեկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ Գեւորգ Սողոյանը՝ կապված Թուրքիայից ապրանքների ներկրման ընթացքում ծագած խնդիրների հետ։
Ինչ վերաբերում է առեւտրականների բողոքներին, ապա Սողոյանի կարծիքով՝ դա կապված է նրա հետ, որ ապրանքների ներկրումն իրականացվում է միջնորդավորված անձանց միջոցով։ «Թող գան անմիջապես հայտարարագրեն մաքսային մարմիններում ու կտեսնեն, որ որեւէ փոփոխություն չկա»,- ասաց Գ. Սողոյանը։ Նա զարմանք հայտնեց, որ առեւտրականները չեն մտնում օրինական դաշտ, չեն ցանկանում հանդես գալ որպես ներկրող եւ հայտարարագիր լրացնող, այլ նախընտրում են «լրացուցիչ» գումարներ տալ միջնորդներին։
NEWS.am-ի այն դիտարկումը, որ այդպես առեւտրականներին ավելի ձեռնտու է, քանի որ պարզապես հարկեր թաքցնելու հնարավորություն են ստանում, Գ. Սողոյանը չընդունեց:





























