«Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչական պայթյունից տուժած բոլոր 4 հայերն էլ առողջանում են: Նրանք են 42-ամյա Կարեն Միխայիլի Գալուստյանը (ապրում է Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանում, տեղափոխվել է թիվ 13 քաղաքային հիվանդանոց), 65-ամյա Գուրյան Վարդանի Խաչատուրովը (տեղափոխվել է թիվ 13 քաղաքային հիվանդանոց), 57-ամյա Յուրի Ալբերտի Վարդանովը ( տեղափոխվել է թիվ 71 քաղաքային հիվանդանոց) եւ 52-ամյա Անատոլի Աշոտի Պողոսբեկովը (տեղափոխվել է Վիշնեւսկիի անվան վիրաբուժական ինստիտուտ): Բոլոր 4 հայերն էլ Ռուսաստանի քաղաքացիներ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Գեւորգ Մինասյանը, հավելելով, որ ներկայումս 4 հայերի առողջական վիճակի մեջ դրական դինամիկա կա:

35 զոհերից պարզվել է 34-ի ինքնությունը, մեկ դիակ ճանաչված է նախնական:

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները եւ Ռուսաստանի հայերի միության անդամներն այցելել են տուժածներին եւ հայտնել իրենց պատրաստակամությունը ցանկացած օգնություն ցուցաբերելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալի ժամանման սրահում, հունվարի 24-ին Երեւանի ժամանակով 17։ 40-ին պայթյուն է որոտացել։ Պայթյունի կապակցությամբ, քրեական գործ է հարուցվել 4 հոդվածներով. «ահաբեկչություն», «երկու եւ ավելի մարդկանց սպանություն», «զենքի եւ պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառություն» եւ « զենքի եւ պայթուցիկ նյութերի պատրաստում»: