ԵԽԽՎ 29 պատգամավորների ստորագրած հռչակագիրը լուրջ եւ աննախադեպ ներդրում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է  Բարգավաճ Հայասկան կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` մեկնաբանելով «Ժողովրդավարական պետության կառուցումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում» ԵԽԽՎ գրավոր հռչակագիրը:

«Իհարկե, Ադրբեջանն այժմ կսկսի թմբկահարել, որ այս հռչակագիրը չունի պարտադիր ուժ, բայց փաստն այն է, որ ԵԽԽՎ 12 երկրների 29 պատգամավորներ հստակ դիրքորոշում են հայտնել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ», - նշեց պատգամավորը` հույս հայտնելով, որ այս հռչակագիրը հիմք կլինի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքային նախագծերի համար:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ պատվիրակները հունվարի 27-ին հանդես են եկել գրավոր հռչակագրով, որի անվանումն է. «Ժողովրդավարական պետության կառուցումը ԼՂՀ-ում»:

Փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանը իրեն հռչակել է 1918-20 թթ գոյություն ունեցած Ադրբեջանի ժողովրդավարական պետության իրավահաջորդ, իսկ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) երբեք չի եղել այդ պետության մասը։ Միայն քեմալականների եւ բոլշեւիկների միջեւ տեղի ունեցած «գործարքի» արդյունքում է, որ Արցախը դարձել է Սովետական Ադրբեջանի մաս:

«1991 թվականին Ղարաբաղի բնակչությունը հանրաքվեի միջոցով կողմ է քվեարկել անկախանալուն, ինչին հետեւել են բազմաթիվ միջազգային դիտորդներ։ Սակայն, հրաժարվելով ընդունել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանը սանձազերծել է լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնք ավարտվել են 1994 թվականին կնքված հրադադարի մասին պայմանագրով։ Թեեւ Ադրբեջանը դեռեւս խախտում է դրադադարի ռեժիմը, Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է ժողովրդավարական երկիր կառուցելու գործընթացը, ղեկավարվելով միջազգային նորմերով եւ չափանիշներով, ինչի կարեւոր էլեմենտներից է 2006 թվականին տեղի ունեցած Սահմանադրական հանրաքվեն»: