Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բոլոր պատգամավորները, ովքեր ստորագրել են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական պետության կառուցում» հռչակագիրը, դրանով պարտավորվել են այդ թեմայի քննարկման ժամանակ չարտահայտել այլ կարծիքներ, որոնք կտարբերվեն փաստաթղթի բովանդակությունից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Նրա կարծիքով, որքան շատ պատգամավորներ ստորագրեն փաստաթղթի տակ, այնքան ավելի շատ կողմնակիցներ կհամալրեն մեր շարքերը, հետեւաբար նման փաստաթղթի ընդունումը մեծ նշանակություն ունի հայկական կողմի համար:
«Եթե ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության բոլոր անդամներն իրենց ստորագրությունը դրել են այդ փաստաթղթի տակ, ես կուզենայի, որ կառավարող կոալիցիայի պատգամավորները եւս անեին այն, ինչ պահանջվում է իրենցից: Որպեսզի չստացվի այնպես, որ իրենց երկրում չեն ճանաչում ԼՂՀ անկախությունը, սակայն դա պահանջում են ուրիշներից»,- ասել է Սաֆարյանը:
ԵԽԽՎ-ն այն կազմակերպությունն է, որի փաստաթղթերը, հռչակագրային են, չունեն իրավական հարկադիր ուժ եւ ունեն քաղաքական նշանակություն, որը համապատասխան մթնոլորտ կստեղծի բանակցային գործընթացի համար: «Մենք պետք է շատ ակտիվ լինենք ԵԽԽՎ-ում, քանի որ այդ կազմակերպությունում ներկայումս նախագահում է Թուրքիան: Մենք պետք է թույլ չտանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կարողանա իր համար բարենպաստ հիմք ստեղծել»,- նշել է Սաֆարյանը:
Նշենք, որ հունվարի 27-ին ԵԽԽՎ-ում ընդունվել է փաստաթուղթ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական պետության կառուցում» անունով, որի տակ ստորագրել են 12 երկրների 30 պատգամավորներ:





























