ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախօրեին «Վարդաշեն» ՔՀԿ այցելության ժամանակ, ըստ ՀԺ-ի, հայտնվել է բարդ իրավիճակում։ «Վարդաշենում», երբ Թովմասյանը զրուցելիս է եղել քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի հետ, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը կոպտորեն միջամտել է խոսակցությանը։ «Տեսարանն այնքան արտառոց է եղել, որ անգամ ականատես դատապարտյալներն են տարակուսել, թե նրանցից ով է վերադասը եւ ով՝ ստորադասը։ Հարությունյանն այսպիսով մարտահրավեր է նետել Հրայր Թովմասյանին։ Ստեղծված իրավիճակի ինտրիգն այն է, որ այն «ոչ-ոքի» տարբերակով լուծում չունի, եւ Հրայր Թովմասյանի հետագա քայլն է կանխորոշելու «խաղի» ելքը։
Եթե նախարարը համարձակություն ունենա եւ Հայկ Հարությունյանին, ասենք, նկատողություն հայտարարի, ապա նա այս պատմությունից հաղթանակած դուրս կգա։ Եթե Թովմասյանը չհամարձակվի Հայկ Հարությունյանին նկատողություն հայտարարել եւ «կուլ տա» տեղի ունեցածը, ապա քրեակատարողական վարչության պետն իրեն կարող է երեւակայել նախարարի նախարար»,-նկատում է թերթը։





























