Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2010 թ. արձանագրվել է մանրածախ առեւտրաշրջանառության 0,6 տոկոս աճ։ NEWS.am-ը Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանից հետաքրքրվեց, թե արդյոք այդ փոքր աճը արդարացնո՞ւմ է սպասելիքները՝ հաշվի առնելով ՀԴՄ կտրոնների կիրառումը եւ դրանց գծով բյուջեից տրվող մեծ գումարները։

Ըստ Ա. Ալավերդյանի՝ դեռ 2009-ին, երբ տնտեսությունը մեծ անկում էր ապրում, մանրածախ առեւտրաշրջանառությունն անկում չունեցավ, իսկ 2010 թ. չնչին աճի դեպքում լրացուցիչ գումարներ են մուտքագրվել բյուջե։

Ալավերդյանի տեղեկացմամբ՝ պետական բյուջեն ՀԴՄ կտրոնների շնորհիվ 2009 թ. ունեցել է մոտ 12 մլրդ դրամ (մոտ 33 մլն դոլար) լրացուցիչ եկամուտ։ 2010 թ. արդյունքները դեռ ամփոփված չեն, սակայն ՊԵԿ ներկայացուցիչը հավաստիացրեց, որ բյուջեի օգուտները մեծ են։ «Եթե այս միջոցն իր արդյունավետությունը սպառի, ապա առաջարկություն կներկայացնենք կառավարություն՝ դարդարեցնել այն»,- ասաց Ա. Ալավերդյանը։

Սակայն նա համոզված է, որ ՀԴՄ-ն առայժմ ամենաարդյունավետ միջոցն է մանրածախ առեւտուրը վերահսկելու համար, ավելի արդյունավետ միջոցներ ՊԵԿ-ի տրամադրության տակ չկան։

Նշենք, որ 2011 թ. պետական բյուջեով 1,7 մլրդ դրամ (մոտ 4,7 մլն դոլար) է նախատեսվել ՀԴՄ կտրոնների սպսսարկման համար՝ պարգեւավճարների վճարում, շահած ավտոմեքենաների ձեռքբերում, բանկերի սպասարկման վարձ։