«Երբ մենք խոսում ենք հայկական բանակի մասին, պետք է հասկանանք, որ խոսում ենք հաղթած բանակի մասին, եւ դա արդեն խոսուն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը:
Նրա խոսքով, հայկական բանակը զարգանում է օրեցօր եւ փայլուն է կատարում իր առջեւ դրված բոլոր խնդիրները: «Պատահական չէ, որ այսօր հայկական բանակն ամենահզորն ու մարտունակն է տարածաշրջանում»,- նկատել է պատգամավորը:
Ընդ որում, նա նշել է, որ բանակում, ինչպես եւ այլ կառույցներում, կան որոշակի խնդիրներ: «Բայց հուսադրող է այն, որ բանակում խնդիրներն անհամեմատ ավելի արագ են լուծվում, քան այլ հաստատություններում»,- հայտարարել է Ավագյանը:
Նշենք, որ հունվարի 28-ին Հայաստանում նշում են հայկական բանակի 19-ամյակը:





























