Հայ ազգային կոնգրեսը փետրվարի 18-ին՝ 2008 թվականի նախագահական ընտրությունների 3 տարին լրանալու նախօրեին, Ազատության հրապարակում հանրահավաք կհրավիրի։ Հունվարի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։
Հանրահավաքն Ազատության հրապարակում տեղի կունենա ժամը 17։00-ին։ Զուրաբյանի խոսքով, այդ օրն իրենք կխոսեն բոլոր այն խնդիրների մասին, որոնք հուզում են ժողովրդին՝ արատավոր համակարգի՝ անցած 3 տարիների ընթացքում թույլ տված գործողությունների եւ այն դրակոնյան սկզբունքների մասին, որոնցով գործում է այս համակարգը։
Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը դեռեւս իրազեկում չի ներկայացրել Երեւանի քաղաքապետրան, եւ օրենքով սահմանված ժամկետում կներկայացնի այն։ Եթե քաղաքապետարանը ի գիտություն չընդունի իրազեկումը, ՀԱԿ-ը ըստ այդմ այդմ էլ կանի իր համապատասխան քայլերը։ «Մենք մեր քայլերն են անում, իրենք էլ իրենցը թող անեն,-հայտարարեց ՀԱԿ համակարգողը։





























