Ղարաբաղյան կողմը չի խախտել Ջեբրայիլի ուղղությամբ հրադադարի ռեժիմը. սա ադրբեջանցիների հերթական ապատեղակատվությունն է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։

«Ղարաբաղյան կողմը ոչ միայն չի խախտել հրադադարի ռեժիմը, այլեւ խստորեն հետեւում է դրան։ Ավելին, երեկ եւ այսօր ողջ գիշերվա ընթացքում Ղարաբաղի ուղղությամբ հրադադարի ռեժիմը 31 անգամ խախտել են ադրբեջանցիները»,- տեղեկացրեց նա՝ ավելացնելով, որ թշնամու կողմից նշված ժամանակահատվածում արձակվել է ավելի քան 300 կրակոց։

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյան եւս մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ հայկական զինված ուժերը, հակառակ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերի, հրադադարի ռեժիմը չեն խախտել ո՛չ Իջեւանի Ազատամուտ գյուղից ադրբեջանական Ղազախի շրջանի, ո՛չ էլ Ջեբրայիլի ուղղություններով։

«Հայկական Զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը»,- հավաստեց Կարապետյանը։

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր՝ հունվարի 28-ին ապատեղակտություն են տարածել, թե հայկական կողմերն, իբր, երեկ Ղազախի շրջանի Ջաֆարլու գյուղի, ինչպես նաեւ Ջեբրայիլի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը։