Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերստեղծումը խանգարելու է բանակցային գործընթացին: Այդ մասին հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթհանաձնաժողովի նախագահի ընտրության փաստը:

«Հայաստանը եւ Մինսկի խմբի համանախագահները տարբեր առիթներով նշել են, որ նման հանձնաժողովը խանգարելու է բանակցային գործընթացին եւ այդ առումով չի կարող օգտակար  լինել»,- ասել է պատգամավորը: Ենթահանձնաժողովի հետ Հայաստանի հնարավոր համագործակցության մասին հարցին, պատգամավորը պատասխանել է, որ «այդ անօգուտ կառույցի հետ համագործակցությունը արդյունավետ չի կարող լինել»:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, այսօր՝ հունվարի 28-ին ԵԽԽՎ Բյուրոն նիստ է գումարել եւ ենթահանձնաժողովի վերստեղծման որոշում է կայացրել: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ որոշմանը դեմ են եղել միայն Հայաստանի ներկայացուցիչները, իսկ մյուս երկրները կողմ են քվեարկել: Ենթահանձնաժողովի նախագահ է ընտրվել Իսպանիայի ներկայացուցիչ, կատալոնացի Խուգլա ի Կոստան: