ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի կողմից Հայաստանում նոր պղնձաձուլարանի կառուցման ծրագրի նախապատրաստման աշխատանքներին պետական աջակցության ապահովման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, հաղորդում է «ԵկոԼուրը»:
Հաստատված է աշխատանքային խմբի անհատական կազմը: Խմբի ղեկավարը Վարագ Սիսեռյանն է` Ավինյանի գրասենյակի ղեկավարը: Խմբի քարտուղարը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանն է:
Աշխատանքային խմբի անհատական կազմում ընդգրկված են չորս նախարարությունների ներկայացուցիչներ` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը:
«Վալլեքս» խմբի ընկերություններից ներկայացուցիչը պղնձի ծրագրի ղեկավար Կ. Ղազարյանն է:
Նշենք, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ մաս է կազմում «Վալլեքս» խմբի ընկերությունների, որի նախագահը Վալերի Մեջլումյանն է: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ գլխավոր տնօրենը Լուսինե Մեջլումյանն է՝ Վալերի Մեջլումյանի դուստրը: «Վալլեքս» խմբի ընկերությունների մաս է կազմում նաև «Թեղուտ» ՓԲԸ-ն, որն էլ շահագործում էր Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը, որի ներկայիս վիճակի մասին բազմաթիվ բացասական փաստեր են հայտնի:




























