Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց այսօր՝ հունվարի 28-ին, ժամը 17:30-ի սահմաններում, «ԳԱԶ-31» մակնիշի 64 ՍՏ 911 համարանիշի մեքենայի վարորդը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել կամուրջի բետոնե սյանը: Բախման հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը եւ երկու ուղեւորները:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության շտապօգնության մեքենաները վիրավորներին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ականատեսների վկայությամբ, 3 վիրավորներն էլ միջին ծանրության վնասվածքներ էին ստացել: Վարորդը Երեւան Սայաթ-Նովա փողոցի բնակիչ 49-ամյա Նորիկ Համլետի Մկրտչյանն է, իսկ ուղեւորները՝ ամուսիններ 51-ամյա Արսեն Կարյունի Հարությունյանն ու 40-ամյա Գայանե Մայիսի Ահարոնյանը:
Այս պահին դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Դեպքի վայրում քննչական աշխատանքներ է կատարում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միքայել Զադոյանը: Վերջինս տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո հանձնարարել է, որ վթարված մեքենան քարշակի միջոցով տեղափոխեն ՃՈ տուգանային հրապարակ, իսկ ինքը մեկնել է «Սուրբ Գրիգոր Լուավորիչ» բուժկենտրոն՝ ճշտելու վիրավորների մարմնական վնասվածքներ ստանալու աստիճանը:







Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




























