2011 թվականը հոբելյանական տարի է հայ ժողովրդի համար. հանդիսավորությամբ նշելու ենք հայոց նոր պետականության` Հայաստանի երրորդ հանրապետության հռչակման 20-ամյակը: Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Հայաստանի բանակի կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ:

Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Անչափ խորհրդանշական է, որ այս տարվա առաջին համապետական միջոցառումը տեղի է ունենում այսօր` Հայոց ազգային բանակի կազմավորման 19-րդ տարեդարձի օրը:

Պատմական հայտնի ճշմարտություն է` ժողովուրդներին անկախությունը ոչ թե տրվում է, այլ այն նվաճում են համաժողովրդական պայքարի, նվիրյալ հերոսների արյան գնով: Հայաստանի երրորդ հանրապետությունը ծնվեց պատմաքաղաքական բարդ իրավիճակում հարեւան հանրապետության կողմից սանձազերծված բացահայտ պատերազմի պայմաններում: Այդ հիրավի համաժողովրդական պայքարի առաջապահն ինքնաբուխ կազմավորված ինքնապաշտպանական կամավորական ջոկատներն էին` հայրենանվեր ու անձնազոհ ազատամարտիկներով, որոնցից շատերն իրենց կյանքը նվիրաբերեցին մեր նոր պետականության վերածննդի զոհասեղանին: Հայոց բանակը համազգային սիրո, նվիրումի եւ զոհողությունների արգասիքն է: Եվ ի պատասխան այդ սիրո`

քաջ գիտակցելով իր դերը` հայ զինվորականությունը պատվով կատարել եւ շարունակում է իր առաքելությունը` հուսալիորեն պաշտպանելով հայոց սահմանների անվտանգությունը եւ ժողովրդի խաղաղությունը:

Բանակաշինության նախորդ տարիներն անցան տարածաշրջանում պահպանվող ռազմաքաղաքական լարվածության, հարեւան պետության կողմից սպառազինման, ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականության եւ ցանկացած պահի պատերազմի սանձազերծման մշտական հնարավորության պայմաններում»: