Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության սկանդալային կին պատգամավոր Ջանան Արըթմանը կրկին դատապարտվել է՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի մորը հայ ասելու համար։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ջանան Արըթմանը հայտարարել էր, թե Գյուլի ազգականը Իզմիրի իր գործընկեր Ահմեդ Սաթաօղլուի ասիստենտներին ասել է, թե Գյուլի մայրը հայ է։ Ահմեդ Սաթաօղլուն սրա համար փոխհատուցման համար դատական հայց է ներկայացրել Ջանան Արըթմանի դեմ։
Անկարայի 11-րդ դատարանը մերժել է բավարարել հայցը, սակայն վճռաբեկ դատարանը բավարարել է այն՝ որոշելով, որ Ջանան Արըթմանի հայտարարությունը՝ իրականությանը չի համապատասխանում եւ ոտնձգություն է Թուրքիայի նախագահի անձնի դեմ։ Սրանից հետո Անկարայի 11-րդ դատարանի վճռով Արըթմանը տուգանվել է եւ 2 հազար լիրա փոխհատուցում պետք է վճարի Ահմեդ Սաթաօղլուին։
Նշենք, որ ավելի վաղ Գյուլը եւս հիշյալ հայտարարության համար դատական հայց էր ներկայացրել Արըթմանի դեմ եւ շահել այն։





























