Հայաստանում 2018 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 6072 արտակարգ դեպք, որոնցից 59.4 տոկոսը տեխնիկական է եղել, 38.2 տոկոսը՝ սոցիալ–կենսաբանական եւ 2.5 տոկոսը՝ բնական։ Այս մասին հուլիսի 24-ին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը։
Նրա խոսքով՝ դժբախտ դեպքերի թիվն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտակարգ դեպքերի եւ պատահարների թիվն աճել է 3-ով։ Այս ժամանակահատվածում արտակարգ դեպքերի հետեւանքով զոհվել է 164 մարդ։ Նշյալ ժամանակահատվածում ԱԻՆ–ին հաջողվել է փրկել 116 մարդու կյանք։
«Արտակարգ դեպքերի ընդհանուր կառուցվածքում հիմնական բաժինն ընկնում է ճանապարհատրասպորտային պատահարներին, հրդեհներին ու թունավորումներին՝ ընդհանուր 92.1 տոկոս»,–պարզաբանեց Խանգելդյանը։
Սրա հետ մեկտեղ վթարների մեծամասնությունը պայմանավորված է մարդկային գործոնով՝ արագության գերազանցում, մեքենան վարելը ոչ սթափ վիճակում, անսարք վիճակում գտնվող ավտոմեքենայի շահագործում։ 2017 թվականի առաջին կիսամյակի հետ համեմատած վթարների թիվն աճել է 212–ով։ Աճել է դրանց հետեւանքով զոհերի եւ տուժածների թիվը։
Խոսելով հրդեհների մասին՝ Հովհաննես Խանգելդյանը շեշտեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի դրանց թիվը կրճատվել է 7.7 տոկոսով, սակայն հունիս եւ հուլիս ամիսներին նկատվել է աճի դինամիկա։





























