Մեկ մարդ է զոհվել, մի քանիսը վնասվածքներ են ստացել ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում գտնվող զվարճանքի այգու ատրակցիոններից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, հայտնում է CBS News-ը։

Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ տեղական ժամանակով մոտ ժամը 16:00-ին, Six Flags Over Georgia-ում։ Զոհվածի ինքնությունը չի բացահայտվում։

Թեև ոստիկանությունը չի հստակեցրել, թե կոնկրետ որ ատրակցիոնն է ներգրավված եղել, CBS News Atlanta-ի նկարահանող խումբը ֆիքսել է «Գոլիաթ» ամերիկյան բլուրների կանգառը։ Այցելուներին դրա ամենաբարձր կետից տարհանել են վթարային աստիճաններով։

Six Flags-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերությունը «խորապես վշտացած է» տեղի ունեցածից և աջակցություն է ցուցաբերում տուժած հյուրերին ու աշխատակիցներին։ Այգում նշել են, որ հետաքննության շրջանակում համագործակցում են տեղական իշխանությունների հետ։

Մեյբլթոնի քաղաքապետ Մայքլ Օուենսը հայտնել է, որ քաղաքի հանրային անվտանգության վարչությունը համակարգում է գործողությունները Քոբ շրջանի ոստիկանության և այգու վարչակազմի հետ։

«Գոլիաթ» ատրակցիոնը, որը բացվել է 2006 թվականին, այգու ամենաբարձրն է. դրա առավելագույն բարձրությունը հասնում է 61 մետրի, իսկ վայրէջքը՝ 51,8 մետրի՝ մինչև 113 կմ/ժ արագությամբ։