ԵՄ իշխանությունները նախատեսում են ֆինանսական աջակցություն տրամադրել միգրանտներին ընդունող երկրներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությանը:

Այս երկրներին ֆինանսական օժանդակությունը կտրամադրվի հունիսին գագաթաժողովում միգրանտներին ընդունող «վերահսկվող կենտրոնների» մասին համաձայնեցված հայեցակարգի շրջանակներում, մեկ միգրանտի համար օգնության չափը կարող է հասնել մինչեւ 6000 եվրոյի:

Հունիսի վերջին գագաթաժողովում ԵՄ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները միգրացիոն ճգնաժամի լուծման համար համաձայնեցին Եվրոպայում վերահսկվող կենտրոնների եւ Միջերկրածովյան տարածաշրջանում ծովում փրկված միգրանտներին տեղավորելու հարթակների հայեցակարգեր մշակել եւ իրականացնել:

««Վերահսկվող կենտրոնները» կոչված են օպտիմալացնել միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց եւ ԵՄ-ում գտնվելու իրավունք չունեցող անօրինական միգրանտների որակավորման գործընթացը՝ միաժամանակ արագացնելով նրանց վերադարձի գործընթացը: Այս կենտրոնները կառավարվելու են ընդունող անդամ երկրի կողմից ԵՄ-ի լիակատար աջակցությամբ եւ կարող են ժամանակավոր կամ հատուկ բնույթ կրել՝ կախված տեղակայման վայրից», - երեքշաբթի ասել է ԵՀ-ն:

Եվրահանձանժողովի հայտարարության համաձայն ծրագիրը նախատեսում է «լիարժեք ֆինանսական աջակցություն անդամ պետություններին ենթակառուցվածքների եւ հրատապ ծախսերի ապահովման համար, ինչպես նաեւ ֆինանսական աջակցություն անդամ պետություններին, որոնք համաձայնություն են հայտնել ընդունել  միգրանտներին (6000 եվրո մեկ անձի համար)»: