Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, իրագործելով իրեն տրված հրահանգը, իր կողմից կատարել է ծանրագույն հանցագործությունները կոծկելու, պարտակելու նոր մի հանցանք: Այդ մասին ասված է ՀԱԿ տարածած հայտարարության մեջ:

Ըստ ՀԱԿ պատասխանատուների՝ «ԱԺ Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հրապարակած վերջնական զեկույցի կազմողները միտումնավոր մի կողմ են դրել Փաստահավաք խմբի ավելի քան 6 ամիսների ընթացքում հավաքած հսկայածավալ փաստական նյութը եւ կատարած աշխատանքի կարեւորագույն արդյունքները, փոխարենը՝ միտումնավոր տապալելով իրենց առջեւ դրված խնդիրները, այն է՝ մարտիմեկյան զոհերի սպանությունների հանգամանքները պարզելու, ապօրինություններն ու այլ հանցանքները բացահայտելու փոխարեն՝ ԱԺ հանձնաժողովը ծնել է վուլգար բարոյախոսությամբ ու քաղաքական գնահատականներով լի մի հայտարարություն»։

Կոնգրեսը նաեւ արձանագրել է, որ զեկույցը իրականում կազմվել է նախագահական ապարատի, Գլխավոր դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության խոհանոցում եւ մատուցվել ԱԺ հանձնաժողովին, իսկ վերջինս այն ընդունել է իր գործունեության կանոնակարգի կոպիտ խախտումներով։

«Հանձնաժողովը, ի դեմս վերջնական փաստաթուղթն ստորագրած քաղաքական ուժերի ներկայացուցիչների, իրագործելով իրեն տրված հրահանգը, իր կողմից կատարել է ծանրագույն հանցագործությունները կոծկելու, պարտակելու նոր մի հանցանք։ Դրանով իսկ այն իրավական պատասխանատվության հիմք է դառնալու այն անձանց համար, ովքեր ստորագրել են սույն զեկույցը։ Զեկույցը, ըստ էության, նաեւ Սերժ Սարգսյանի՝ որպես Մարտի 1-ի ջարդի ու սպանդի գլխավոր կազմակերպիչներից եւ պատասխանատուներից մեկի, նկատմամբ մեղավորության, հանցագործության յուրատեսակ մի դատավճիռ է, ապացույց այն բանի, որ խաղաղ քաղաքացիների ջարդն ու սպանդը, հազարավոր ապօրինություններն ու բռնությունները գործադրվել են միայն ու միայն մեկ՝ ապօրինի իշխանությունը պահելու նպատակով։ Միայն այդ դեպքում է բացատրելի դառնում ԱԺ հանձնաժողովին տրված փաստերը կոծկելու հրահանգը, ինչպես նաեւ իրականության բացահայտման դեմ հարուցած խոչընդոտներն ու փաստացի արգելանքը», — նշվում է հայտարարության մեջ։

Հայ ազգային կոնգրեսը նաեւ ազդարարել է, որ «մարտի 1-ի սպանդի եւ այլ իրադարձությունների բացահայտման խնդիրը, որպես հասարակությունը բարոյապես քայքայող գործոն, նույն սրությամբ շարունակում է մնալ Հայաստանի ներքաղաքական օրակարգում, եւ Կոնգրեսը հետեւողականորեն շարունակելու է իրականությունը բացահայտելու ու հանրությունը ներկայացնելու իր գործը»: