Բրիտանիան Կանադային եւ Սաուդյան Արաբային կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Օտտավայի եւ Էր Ռիադի միջեւ դիվանագիտական սկանդալի ֆոնին, հաղորդում է Reuters-ը:

Բրիտանական ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքով՝ Կանադան եւ Սաուդյան Արաբիան Մեծ Բրիտանիայի մերձավոր գործընկերներն են: «Մենք պնդում ենք, որպեսզի կողմերը զսպվածություն ցուցաբերեն ներկա իրավիճակում: Մեծ Բրիտանիան մարդու իրավունքների պաշտպանության կողմնակից է: Մենք պարբերաբար այդ հարցերը բարձրացնում ենք Սաուդյան Արաբիայի կառավարության հետ հանդիպումներում, այդ թվում՝ իրավապաշտպանների վերջին ձերբակալությունները»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ակտիվիստներին ազատ արձակելու՝ Կանադայի կոչից հետո Սաուդյան Արաբիան հետ է կանչել այդ երկրում իր դեսպանին եւ արտաքսել թագավորությունում կանադական դեսպանին: Էր Ռիադում դա երկրի ներքին գործերին միջամտություն են համարել: