Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Խուլիո Բորխեսին մեղադրել է անցած շաբաթ իր դեմ չհաջողված մահափորձին մասնակցության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Որոշ ցուցմունքներ մատնացույց են անում Խուլիո Բորխեսին, որը Կոլումբիայում է բնակվում: Նա բավականաչափ վախկոտ է, որպեսզի նման հարձակումների մասնակցի»,- հայտարարել է Մադուրոն պետական հեռուստատեսության եթերում:
Վենեսուելայի նախագահի խոսքով՝ մահափորձին ընդհանուր 11 մարդ է մասնակցել, որոնց կազմակերպիչները 50 մլն դոլար են առաջարկել:
Մադուրոն հայտարարել է, որ կպահանջի Վենեսուելային հանձնել մահափորձի բոլոր մասնակիցներին, որոնք արտասահմանում են բնակվում՝ դրա համար օգտագործելով արտահանձնման համաձայնագրերը: Նրանց թվին է դասել նաեւ ԱՄՆ Ֆլորիդայում բնակվող Օսման Ալեքսիս Դելգադո Տաբոսկեին: «Անհրաժեշտ է հասնել նրան, որ ԱՄՆ կառավարությունը նրան մեզ հանձնի»,- ասել է երկրի նախագահը:
Նա դավադրության մասնակիցների թվին է դասել խորհրդարանի պատգամավոր Խուան Ռեկեսենսին, որին անվանել է ընդդիմության մեջ «ամենախելագար ու փսիխոպաթ» անձանցից մեկը: Ընդդիմադիր պատգամավոր Թոմաս Գուանիպայի տեղեկություններով՝ Ռեկեսենսը եւ նրա քույրը երեքշաբթի առեւանգվել են Վենեսուելայի Բոլիվարական հետախուզության ծառայության աշխատակիցների կողմից:
Մահափորձի մյուս մասնակիցների թվում Մադուրոն առանձնացրել է Մաուրիսիո Խիմենես Պինսոնին, «դավաճան գնդապետ» Օսվալդո Վալենտին Գարսիա Պլոմոյին, Ռայդեր Ալեքսանդեր Ռուսո Մարկեսին, Գրեգորիո Խոսե Յագուասին եւ Ջիլբերտա Ալբերտո Էսկալոնին: Մադուրոն բոլորին, ովքեր նրանց գտնվելու մասին տեղեկություններ ունեն, խնդրել է այդ մասին հայտնել իրավապահ մարմիններին:



























