«Հայ-թուրքական արձանագրությունները հրապարակելու ընթացքում եւ մինչ այդ Հայաստանում մշակվել եւ մշակվում է հասարակական կարծիք, եւ այն երկրները, որոնք ղեկավարում են այդ գործընթացը, առաջին հերթին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ եվրոպական կառույցները, արդեն ունեն համապատասխան բազա, ըստ որի Հայաստանի ե'ւ իշխանությունը, ե'ւ ընդդիմությունը դեմ չեն այդ արձանագրություններին եւ մադրիդյան սկզբունքներին»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Սոցիալ դեմոկրատական Հնչակյան կուսակցության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Հարցին, թե այսօր կայանալիք ընդդիմության հանրահավաքը կարո՞ղ է ինչ որ բան փոխել հայ-թուրքական զարգացումներում, այն կօգնի՞, թե՞ կխոչընդոտի այդ զարգացումներին, նա պատասխանեց. «Եթե այսօրվա հանրահավաքը կտրուկ շրջադարձ կատարի եւ ասի, որ մենք դեմ ենք ոչ միայն մադրիդյան սկզբունքներին, այլ նաեւ Հայաստան-Թուրքիա արձանագրություններին, որովհետեւ համարում ենք որ այսօր Հայաստանը պատրաստ չէ դրան, ՀՀ իշխանությունը չունի այդ իրավունքը, որպեսզի նաեւ Սփյուռքի փոխարեն լուծի այդ խնդիրը, եւ ժողովրդի հետ միասին մի քանի օր լինի հրապարակներում ու փողոցում, ապա կարծում եմ, արդյունք կլինի: Հակառակ դեպքում ոչ մի արդյունք չի լինի»:

Այս պահի դրությամբ, սակայն, ըստ Վ. Շիրխանյանի, միջազգային ուժերն արդեն ունեն տվյալներ, որ ընդդիմությունը սկզբունքորեն տվել է իր համաձայնությունը Կոնգրեսի առաջին հայտարարության տեսքով:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի ակցիաներին, որոնք ուղղված են այդ արձանագրությունների դեմ, նա նկատեց. «Ես չեմ ուզում որեւէ եզրակացություն անել, որ ՀՅԴ-ն իշխանությունների հետ համաձայնեցված գործողություններ է անում: Ես դրական եմ համարում այդ արձանագրությունների դեմ ՀՅԴ-ի ակցիաները, բայց նաեւ տեսնում եմ, որ իրենց պահանջներն ու առաջարկները լուրջ փոփոխություններ չեն ենթադրում այդ արձանագրություններում: Չեմ կարծում, որ դրանք այն ճանապարհն են, որով մենք կարող ենք կանխել սպառնալիքը»:

Ընդդիմադիր գործիչը կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական գործընթացով տեղի է ունենում աշխարհաքաղաքական նոր դաշտի ձեւավորման աշխատանք, որի տրամաբանությունն այն է, թե Հայաստանը պետք է դուրս գա ազգային անվտանգության իր համակարգից` ՀԱՊԿ-ից եւ մնա առանց անվտանգության համակարգի: «Իսկ Արեւմուտքը ցանկանում է դուրս մղել Ռուսաստանին Կովկասից եւ մեծացնել իր ազդեցությունն այստեղ, որը ծանրագույն իրավիճակ է ստեղծելու Հայաստանի համար»,- իր խոսքն ամփոփեց նա: