Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում բազմաթիվ բացասական դրսեւորումներ կան: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Հարությունյանը հայտնել է, որ բազմաթիվ դժգոհություններ ունի զեկույցից: Ըստ նրա, զեկույցում «սկզբից մինչեւ վերջ խնայել են դատախազությանը»: ՄԻՊ-ը դժգոհ է նաեւ նրանից, որ զեկույցում բացասական օրինակները բերված են միայն ընդդիմությունից, իսկ իշխանությունից որեւէ բառ գրված չէ: «Հավասարակշռությունը պահպանված չէ: Որեւէ խոսք չկա, որ արտակարգ դրությունը տարածվեց միայն ընդդիմադիր ԶԼՄ-ների վրա: 10 մահվան դեպքերի հետ կապված շատ մեղմ վերաբերմունք է արտացոլված: Հիմնականում խոսում են ոստիկանությունից, հատուկ քննչական ծառայությունից խոսում են այնքան, որքանով չէին կարող չխոսել, իսկ դատախազությունից որեւէ խոսք չկա»,- նշել է Հարությունյանը եւ հավելել, որ հանձնաժողովը չի անդրադարձել քննիչների աղաղակող խախտումներին: Ամփոփելով բացասական դրույթները՝ Արմեն Հարությունյանը նշել է, որ զեկույցում հստակություն չկա:
Իսկ այն դրականը, որ ներկայացրել է Արմեն Հարությունյանը, ուղղակի հեգնանքի տպավորություն էր թողնում: «Պատճառների մեջ նշում են համակարգային-ինստիտուցիոնալ պատճառները»,- ասել է ՄԻՊ-ը:
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին ոստիկանությունը բռնությամբ ցրեց Ազատության հրապարակում հավաքված խաղաղ ցուցարարներին, իսկ երեկոյան արդեն հրազեն կիրառեց, ինչի արդյունքում զոհվեցին 10, վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Առ այսօր սպանությունները չեն բացահայտվել:




























