Թուրքիայի ներկայիս խնդիրները մասամբ կապված են անցյալի հաջողությունների հետ, որոնք թույլ չեն տալիս իշխանություններին սթափ գնահատել իրավիճակը եւ համարժեք որոշումներ կայացնել: Այս մասին ՌԲԿ-ում գրում է Էներգետիկայի եւ ֆինանսների ինստիտուտի տնտեսական ուղղության գլխավոր տնօրեն Մարսել Սալիխովը:

Թուրքական տնտեսությունը աստիճանաբանր սկսել էր դանդաղել դեռ 2015-2016 թվականներին: Այդ դանդաղեցման ստորին կետը դարձավ  2016-ի երկրորդ կիսամյակը՝ ռազմական հեղաշրջման փորձից անմիջապես հետո: Հեղաշրջումը ցույց տվեց, որ երկրում հարաբերական քաղաքական կայունությունը չպետք է ընկալվի որպես օբյեկտիվ իրականություն, իսկ հաջորդող զանգվածային ճնշումները, որ ժամանակակից Թուրքիայում ժողովրդավարական ազատությունները բավական պայմանական են: Դա հանգեցրեց լիրայի փոխարժեքի կարճաժամկետ նվազեցմանը:

Սակայն 2016 թվականի իրադարձությունները համընկան համաշխարհային տնտեսության արագացման եւ զարգացվող շուկայում կապիտալի ներհոսքի հետ:

Հիմնական արժութային գոտիներում զրոյական տոկոսադրույքների ֆոնի վրա, ներդրողները պատրաստ էին ներդրումներ կատարել ավելի ռիսկային երկրներում: Կապիտալի գլոբալ ներհոսքը բարձրացրեց նաեւ թուրքական նավը եւ թվում էր,  հաստատեց Էրդողանի վարած ուղու ճշմարտացիությունը:

Սխալ եզրակացություններ անելով կատարվածից՝ թուրքական իշխանությունները 2017-ին փորձեցին ակտիվացնել տնտեսությունը բյուջեի ծախսերի կտրուկ ավելացմամբ եւ կորպորատիվ սեկտորին պետական երաշխիքների զանգվածային բաժանմամբ: Արդյունքը տպավորիչ էր. ՀՆԱ-ն աճեց 7.4 տոկոսով: Այնուամենայնիվ, նման հնարքը անհնար է հաճախակի կրկնվել, քանի որ դրա արդյունքում գնաճն ավելացավ, որը 2017 թվականից հետեւողականորեն գերազանցում էր 10 տոկոսը: Կենտրոնական բանկը, իր հերթին, չփորձեց գումարային քաղաքականության միջոցառումներով փոխհատուցել պետական ծախսերի աճը. մինչեւ 2018-ի հունիս տոկոսադրույքը մնաց անփոփոխ՝ գնաճից ցածր:

 Միեւնույն ժամանակ Թուրքիան պահպանել է ընթացիկ հաշվի զգալի դեֆիցիտը` տարվա ընթացքում 45-55 մլրդ դոլարի սահմաններում: Սա նշանակում է, որ երկիրը պետք է այս գումարի չափով նոր կապիտալ ներգրավվի, ինչպես նաեւ անընդհատ վերաֆինանսավորի առկա արտաքին պարտքը:

Փաստորեն, լիրայի փոխարժեքը հիմնականում պայմանավորված է համաշխարհային ֆինանսական շուկաների տրամադրությամբ: 2017-ին թվում էր, որ շուկաները պատրաստ են հաշտվել բյուջետային միջոցների զանգվածային ծախսի հետ ինչպես նաեւ Կենտրոնական բանկի անկախության աստիճանական կորստի եւ Էրդողանի  ավելի ու ավելի էքսցենտրիկ հայտարարությունների հետ:

Այստեղ պետք է նշել, որ Թուրքիայի առաջնորդի տնտեսական հայացքներնը իրենցից ներկայացնում են բացասական իրական տոկոսադրույքների օգտակարության հանդեպ հավատքի, բյուջեի հաշվին մեծածավալ ենթակառուցվածքի նախագծերի արդյունավետության հաշվարկի եւ արտաքին ֆինանսական դժվարությունները չընդունելու ցանկության էկլեկտիկ խառնուրդ:

Այս պատկերացումների շրջանակներում ազգային արժույթի արժեզրկումը պայմանավորված չէ վարվող քաղաքականության որակի հետ, այլ «արեւմտյան նեոգաղութարար ուժերի»՝ Թուրքիային վնասելու փորձերի հետ:

Սպառնալիքների առաջին նշանները հայտնվեցին ապրիլին, երբ Արգենտինայում դոլարի ամրապնդման եւ արժութային ճգնաժամի ֆոնին դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը նվազեց 20 տոկոսով: Սա կարելի էր հունիսին առաջիկա նախագահական ընտրություններից առաջ կապել նյարդայնության հետ: Սակայն ներկայիս նախագահը վստահորեն հաղթեց ընտրություններում եւ քաղաքական անորոշությունը վերացավ:

Նոր քաղաքական ցիկլը սկսվեց ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սուր վատթարացմամբ՝ ամերիկյան բողոքական քահանա  Էնդրյու Բրանսոնի գործի պատճառով, որը 2016 թվականից ահաբեկիչների հետ կապ ունենալու մեղադրանքով գտնվում է Թուրքիայում: Քահանային ազատելու մերժումը հանգեցրեց պատժամիջոցների կիրառմանը. օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնապատկեց թուրքական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը: Այս «վերջին կաթիլը» չափազանց ծանր էր եւ փլուզեց Թուրքիայի արժութային շուկան:

Ընթացիկ փլուզման պատճառները պայմանավորված են այն հանգամանքով, որ թուրքական տնտեսությունը չի կարող միաժամանակ դիմանալ երեք բացասական գործոնների համադրությանը. 1) քրոնիկ արտաքին անհավասարակշռությանը եւ արտաքին ֆինանսավորման ներգրավման մշտական անհրաժեշտությանը, 2) տնտեսական քաղաքականության որակի նկատմամբ ներդրողների աճող անվստահությանը, 3) արեւմտյան երկրների, առաջին հերթին Միացյալ Նահանգների հետ հակամարտությունների խորացմանը: Բոլիվարը չկարողացավ դիմանալ այս  երեքին: