Օգոստոսի 6-ից ընդունվում են դիմում հայտեր Միացյալ թագավորության կառավարության կողմից իրականացվող համաշխարհային կրթաթոշակային ծրագիր «Chevening»-ի  2019/2020 ուստարվա համար: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Երեւանում բրիտանական դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիսոն Չիքը:

«Chevening» ծրագիրն ապահովում է ամբողջական ֆինանսավորում Միացյալ Թագավորության համալսարաններում սովորելու համար: Այս տարվա դիմում հայտերի վերջնաժամկետը լրանում է նոյեմբերի 6-ին:

««Chevening» կրթաթոշակը լավ հնարավորություն է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ հարաբերություններն ամրապնդելու համար, որը թույլ է տալիս հայ ուսանողներին այլ ուսանողների հետ փորձով փոխանակվել եւ Հայաստանի դեսպանները լինել Միացյալ Թագավորությունում», - ասել է Էլիսոն Չիքը:

«Chevening»-ի շրջանավարտները պարտավոր են վերադառնալ հայրենիք եւ երկու տարի աշխատել այնտեղ: «Ես վստահ եմ, որ բոլորը կվերադառնան եւ մեծ ներդրում կունենան իրենց երկրի զարգացման գործում», - նշել է Չիքը:

Երեւանում բրիտանական դեսպանատան Քաղաքական հարցերի պատասխանատուՄարիամ Բաղդասարյանն իր հերթին նշել է, որ կրթաթոշակային ծրագրին մասնակցելու գլխավոր պահանջներն են ՀՀ քաղաքացիությունը, առնվազն երկու տարվա աշխատանքային փորձը, ավարտելուց հետո առնվազն երկու տարի Հայաստանում աշխատելն ու ապրելը եւ Միացյալ Թագավորության որեւէ համալսարան ընդունվելը:

Բոլոր դիմորդները պարտավոր են մինչեւ 2019 թվականի հուլիսի 11-ը ներկայացնել ապացույց, որ բավարարում են «Chevening»-ին մասնակցելու համար անգլերենի իմացության պահանջը: Սա նշանակում է, որ նրանք կարող են հանձնել TOEFL կամ IELTS թեստ եւ հավաքել պահանջվող միավորները: TOEFL-ի համար պահանջվող նվազագույն միավորը 79 է, իսկ IELTS-ի համար՝ 6,5:

Մարիամ Բաղդասարյանը հավելեց, որ ծրագիրը ներառում է նույնիսկ Քեմբրիջի եւ Օքսֆորդի համալսարանները: