Ճապոնիայում «Սիմերոն» թայֆունին ուղեկցվող հորդառատ անձրեւների եւ փոթորկային քամու հետեւանքով առնվազն 13 մարդ է տուժել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կիոդո գործակալությունը:

Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ ցիկլոնը, որն ընթացիկ սեզոնում ստացել է 20-րդ համարը, հինգշաբթի երեկոյից մինչեւ ուրբաթ հատել է երկրի արեւմտյան հատվածը եւ տեղափոխվել է Ճապոնիական ծով:

Ճնշումը ցիկլոնի կենտրոնում 990 հեկտոպասկալ է կազմում: Կենտրոնում քամու արագությունը հասնում է 25 մ/վ-ի, ուժգնացումների ժամանակ՝ մինչեւ 35 մ/վ-ի: Ակնկալվում է, որ մեկ օրվա ընթացքում թայֆունի շրջաններում մինչեւ 150 միլիմետր տեղումներ կլինեն:

«Սիմարոն» թայֆունն այս շաբաթ երկրորդն է դարձել Ճապոնիայում այն բանից հետո, երբ եւս մեկ՝ «Սոլիկ» թայֆունն ընդգրկել է երկրի հարավ-արեւմտյան շրջանները: Վատ եղանակի հետեւանքով մոտ 60 ներքին չվերթ է չեղյալ հայտարարվել, գնացքներով ուղեւորությունները հետաձգվել են: